«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ի վերջո, պիտի՞ հասկանան, որ Ադրբեջան պետությունն այս տարածաշրջանի հետ կապ չունի»

«Ի վերջո, պիտի՞ հասկանան, որ Ադրբեջան պետությունն այս տարածաշրջանի հետ կապ չունի»
08.09.2014 | 10:19

«Ինչո՞ւ Մինսկի խումբն ավելի կոշտ դիրքորոշում չի դրսևորում Բաքվի նկատմամբ՝ լծակներ չունի՞, մանդա՞տը չի բավարարում» հարցին Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից ստացա անսպասելի պատասխան.

-Դիվանագիտությունը սառցալեռ է՝ մեծ մասը չի երևում, ամեն ինչ չէ, որ հրապարակային է: Ամենամեծ արդյունքը՝ խաղաղությունը պահպանվում է, հայկական կողմի և Մինսկի խմբի տեսակետները կարգավորման երեք սկզբունքների շուրջ համահունչ են: Ադրբեջանն ինքն իրեն դրել է փակուղու մեջ, և չի հասկանում, որ Թուրքիան այդտեղ անելիք չունի: Եթե Թուրքիան իրոք ուզում է ղարաբաղյան գործընթացին օգուտ տալ, պետք է չխառնվի: Կա Մինսկի խումբ և այդ հարցում երեք պետություններն ունեն հստակ դիրքորոշում: Բազմիցս հաստատվել է, որ խնդիրը ռազմական կարգավորում չունի: Ավելին՝ ընդունվում է ազգերի ինքնորշման իրավունքը, որպես սկզբունքներից մեկը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակը: Իսկ Բաքուն իրեն դնում է փակուղային վիճակում: Պատերազմում պարտվել են, 1994-ին խաղաղություն են խնդրել, հիմա ասում են՝ ազատագրված շրջանները տվեք, Ղարաբաղը տվեք, մենք էլ փոխզիջում կանենք: Դա նույնն է, որ հիտլերյան Գերմանիան կապիտուլյացայից հետո Պոտսդամի կոնֆերանսում ասեր Մոսկվան տվեք ինձ: Այդպես չի լինում: Մի օր Բաքվում, մի օր Կիրովաբադում, մի օր կառավարության նիստում, մի օր շենք շահագործման հանձնելիս ասել՝ Հայաստանը մեր պատմական տարածքն է, ծիծաղելի է, Երևանում խորոված ենք անելու… Ի վերջո, պիտի հասկանան, որ Ադրբեջան պետությունն այս տարածաշրջանի հետ կապ չունի: Պատմական Ադրբեջանն այնքան է հեռու այսօրվա Ադրբեջանից, ինչքան Հայաստանը՝ Կախեթիայից: Պատմական Ադրբեջանը Արաքսից ներքև ընկած տարածքն է, հին հունական աղբյուրները վկայում են՝ որտեղ էր Ատրպատականը, որ դարձել է Ադրբեջան: Նույնիսկ պետության աշխարհագրական անվանումը կապ չունի իրենց տարածքի հետ: Եթե Կովկասում այդ պետությունը եղել է, ինչու՞ է ռուս-պարսկական պայմանագիր կնքվել, այլ ոչ թե ռուս-ադրբեջանական: Ադրբեջան պետությունն առաջացել է 1918 թ., թուրք Նուրի փաշայի արշավանքի հետևանքով, որից հետո հայերին կոտորեցին, ստեղծեցին իրենց պետությունը ու տասնամյակներ շարունակ ամեն ինչ անում էին, որ հայերին կամ կոտորեն, կամ վտարեն: Մինչև 1936 թ. Ստալինյան Սահմանադրությունը իրենք ադրբեջանցի էլ չեն կոչվել, այլ՝ կովկասյան թուրքեր կամ թաթարներ: 1936 թ., որպեսզի տարանջատվեն անատոլիական թուրքերից, անվանվեցին ադրբեջանցիներ: Պատմություն կա, ամեն ինչ նավթի վրա չի՞ հիմնված: Նավթը մի օր վերջանալու է: Հետո՞:
-Փաստորեն ստատուս քվոն Ադրբեջանին ավելի ձեռնտո՞ւ է:
-Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի: Այսօր ԼՂՀ-ն փաստացի անկախ պետություն է: Այս տարիներին Ղարաբաղն ապացուցել է, որ ժողովրդավարական պետություն է, ինչը մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ ասել Ադրբեջանի մասին: Իլհամ Ալիևի նախագահության երրորդ շրջանն ավարտվելու է, չորրո՞րդ անգամ է առաջադրվելու: Բնականաբար՝ դա չի կարող լավ ընդունվել միջազգային ասպարեզում: Մենք ոչ հակաթուրք ենք, ոչ հակաադրբեջանցի, մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի, մենք ուզում ենք ինքներս որոշել մեր ճակատագիրը, տարածաշրջանում կայուն խաղաղություն ենք ուզում, ուզում ենք ժողովրդավարական արժեքներով ապրել: Իսկ նրանք 20 տարի հակահայկականություն են քարոզում, Ջուղայում հազարավոր խաչքարեր ոչնչացրին՝ մի երկիր, որ հայկական քարը չի հանդուրժում, հայ մարդուն կհանդուրժի՞: Իրենց ազգակից Աքրամ Այլիսլիին ի՞նչ արեցին: Բոլորն էլ դա լավ հասկանում են: Ամառային իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակի միֆը, բլից կրիգը փուչիկ են: Փառք ու պատիվ մեր զինվորներին: Չի կարելի 21-րդ դարում պետության քաղաքականության առանցք դարձնել թշնամու կերպարը, հակահայկականությունը Բաքուն դարձրել է ազգային գաղափարախոսություն: Քանի դեռ Ադրբեջանում չկա ժողովրդավարություն, քանի դեռ չեն գիտակցում, որ կոնֆլիկտը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, բանակցային գործընթացում հաջողություն հնարավոր չէ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. - Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ երկար ու հանգամանալից խոսակցություն ունեցա Հայաստանի արտաքին քաղաքական ու ներքաղաքական խնդիրների շուրջ, հարցազրույցը կտպագրվի «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 9-ի համարում:

Դիտվել է՝ 1216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ